ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Բարեպաշտ տիկինը․․․

Բարեպաշտ տիկինը․․․
22.12.2024 | 16:55

1885-ից սկսած Փարիզի բարձրաշխարհիկ արիստոկրատական խավը Ժան Գուժոն փողոցում կազմակերպում էր բարեգործական տոնավաճառ՝ «Բազար դը լա Շարիթե», հօգուտ աղքատների ու տնանկների։ Դա չունևոր դասի նկատմամբ մարդասիրության ավանդական դրսևորում էր։ 1897 թ․ հունիսի 4-ին կայացավ հերթական միջոցառումը, որին մասնակցում էր 1200 հոգի։ Տաղավարների կրպակներում, որպես վաճառողներ, կանգնած էին մարքիզուհիներ, կոմսուհիներ, բարոնուհիներ, վիկոնտուհիներ՝ Ալասոնի հերցոգուհու գլխավորությամբ։ Նորամուծություն էին մտցրել․ տաղավարներից մեկում դրված էր կինոսարք՝ ֆիլմ ցուցադրելու համար։ Երբ սարքը միացրեցին, դրա լամպը կոտրվեց, ու հրդեհ բռնկվեց, որն արագորեն տարածվեց տաղավարներով մեկ։ Սոսկալի հրդեհի զոհ գնաց 126 հոգի, հիմնականում՝ արիստոկրատուհիներ։ Ամբողջ Փարիզը և անգամ շատ երկրներ սգացին ողբերգությունը։

Եվ ահա «Բազմավէպը» 1898 թ․ տպագրեց հետևյալ լուրը․ «Գաղղիոյ ազգային լրագրէ մը կը տեղեկանամք, որ տիկ․ և օրիորդ Մանթաշոֆ՝ Փարիզէն մեկնելու ատեն, ազգայնոց մեծ դրամագլուխ մը խոստացած են, որով Հայոց համար Սէնի եզերքը եկեղեցի մը պիտի կանգնուի»։ Այս ցնցող լուրը արտատպեց Վառնայի «Հայելին», հավելելով․ «Այս անգամ պոլսական թերթի մը մէջ կը կարդանք թէ, մեր ռուսահպատակ ազգայիններէն քարիւղի հանքերու տէր մեծահարուստ տիար Աղեքսանդր Մանթաշոֆի ազն․ տիկինը՝ ի Բարիզ պէտք եղած տեղը իմացուցեր է որ նոյն քաղաքին մէջ կառուցուելիք հայկական եկեղեցւոյ շինութեան ծախքը պատրաստ է ինքն իր կողմէն հոգալու։

Եթէ այս լուրը ստոյգ է, ինչ որ ցանկալի, ազգովին շնորհակալութեան արժանի է յիշեալ բարեպաշտուհի տիկինը, և որ կուգայ անգամ մ՛ալ հաստատել թէ, բարեգործական նպատակաւ ազգին եղած կարևոր նուիրատութեանց մէջ ռուսահայք կը գերազանցեն տաճկահայերը»։

Խոսքը ութ երեխա ծնած, պահած-պահպանած, 10 տարի «Թիֆլիսի հայուհեաց բարեգործական ընկերութեան» մշտական անդամ տիկին Դարիայի (օրիորդական ազգանունը՝ Թամամշյան) և Մանթաշյանց ամուսինների առաջնեկ Աննայի մասին էր։

1901-ից, երբ արդեն անկասկած էր Ա․ Մանթաշյանցի՝ եկեղեցի կառուցելու որոշումը, սկսվեց բարերարի նյարդերի «սղոցումը»․ Չոպանյանը ֆրանսիացի նշանավոր մտավորականների ստորագրությամբ մի նամակ կազմակերպեց, որով կոչ էր արվում եկեղեցու փոխարեն համալսարանի շենք կառուցել, իսկ մեկ ուրիշը հրապարակավ դժգոհեց, թե ի՜նչ կարիք կար հենց այդ թանկարժեք տեղում կառուցել, ավելի էժան տեղեր կային (ասես փողն ինքն էր տալու)։

Նրանք չգիտեին, որ Ա․ Մանթաշյանցն իր սիրասուն կնոջ ցանկությունն էր կատարում, նրա գաղափարն էր իրականացնում։

1902 թ․ հոկտեմբերի 2-ին, Փարիզի սրտում՝ Ժան Գուժոն փողոցի թ․ 15 հասցեում, արիստոկրատուհիների զոհավայրում, կատարվեց եկեղեցու հիմնարկեքը, իսկ օծումը տեղի ունեցավ 1904 թ․ հոկտեմբերի 5-ին և կոչվեց Սբ Հովհաննես-Մկրտիչ (ճարտարապետ Ալբեր Գիլբեր):

Եկեղեցու շինության ծախսը կազմեց 1 մլն 540 հազար ֆրանկ, իսկ Ա․ Մանթաշյանցը ֆրանսիական կառավարության կողմից պարգևատրվեց Պատվո Լեգեոնի Ասպետի շքանշանով։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Հ․Գ․

Ավելի մանրամասն՝ առայժմ անտիպ իմ գրքում։

Դիտվել է՝ 21939

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ